Հայտնի գրող Վահան Տեր-Ղազարյանը, պարզաբանելով եզդի ժողովրդի յուրահատկությունը, նրա կրոնական հոգևոր աշխարհը, ասել է, որ եզդիների տիպի ժողովուրդները եզակի են, և նրանց գոյությունը շատ թանկ պետք է համարվի մեզ համար: Հարգարժան գրողը միաժամանակ ասել է, որ մարդկության ու հիմնականում արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը եզդիները սրբությամբ պահպանել են:
Այո, եզդիները դարեր շարունակ անաղարտ պահելով իրենց հավատը, բազմիցս ֆիզիկապես ոչնչացվել են հարևան այլադավան երկրների կողմից: Եղել են ճնշված, իրավազրկված, ազգային, կրոնական վիրավորանքների ենթարկված և ցեղասպանություն ապրած: Այսօր էլ, սկսած oգոստոսի 2-ից, եզդի ժողովուրդն Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում ենթարկվում է ցեղասպանության: ԻՊ հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել ամենազարհուրելի երազներում, նույնիսկ սարսափ կինոնկարներում. մորը սպանում էին երեխաների ներկայությամբ, մանկահասակ երեխաներին ողջ-ողջ թաղում էին մահացած մոր գրկում: Սինջար քաղաքի փողոցները լցվել էին գլխատված, անդամահատված եզդիների մարմիններով, մեր բնօրրանում ամենուր մահ էր: Եզդի կանանց և երեխաներին 21-րդ դարի ստրկավաճառները հասցրին նույնիսկ Աֆղանստան: Ահավոր ցավով ու թափած արցունքներով մենք սպասում էինք, որ կազատագրվի Շանգալը: Մենք ապրում էինք ամենուրեք օգնության, փրկության հույսով, աշխարհով մեկ մենք բողոքի ցույցեր կազմակերպեցինք: Այսօր արդեն հոկտեմբերի վերջն է, բայց ի՞նչ է կատարվում. հազարավոր եզդիներ սարերում գտնվում են անօգնական և անօթևան վիճակում: Իսկ առջևում ձմեռ է: Եզդիների Շարֆադինի սրբատեղին, որը համարվում է նաև եզդիական ջոկատների շտաբը, նորից շրջապատել են ԻՊ հրեշները: Շանգալում նորից ահավոր մարտեր են, եզդի ազատամարտիկները մի կողմից փրկում են սարերում շրջապատված խաղաղ բնակչությանը, մյուս կողմից կործանումից փրկում են մեր սրբատեղիները: Եզդի ազատամարտիկները կյանքի գնով պահում են մեր բնօրրանի յուրաքանչյուր թիզ հողը: Աշխարհը լռում է։ Մթնոլորտը մշուշոտ և անորոշ է, ոչ ոք չի օգնում եզդիներին, նրանք շրջապատված են չորս կողմից: ԻՊ ոհմակներն ուզում են հոշոտել մեր ժողովրդին իր բնօրրանում:
Ամերիկյան օդուժը թռչում է ԻՊ հրեշների դիրքերի վրայով, բայց չի հրթիռակոծում իսլամիստներին, հայտարարելով` իբր թե եղանակն անբարենպաստ է: Սիրիայի քրդերը զբաղված են Քոբանի քաղաքի պաշտպանությամբ: Իսկ քրդական փեշմարգան չգիտես ինչու չի գտնում եզդի ազատամարտիկներին օգնելու ռեալ ուղիները: Հերթական անգամ եզդիները դարձել են խաղալիք քաղաքական խոշոր խաղացողների մութ խաղերում: Մի՞թե ոմանց անհրաժեշտ է վերացնել եզդիների վերջին բնօրրանը, եզդիներին արմատախիլ անել իրենց հազարամյա բնակավայրից, կործանել և աշխարհի երեսից վերացնել մեր ժողովրդի սրբատեղիներն ու մեր մշակույթը և պատմությունը: Աշխարհի քաղաքակիրթ մարդկությունը կարծես թե չի տեսնում եզդիների ցեղասպանությունը, միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ը և մյուսները չնայած նշում են, որ տեղի է ունենում եզդի ժողովրդի ցեղասպանություն, բայց չգիտես ինչու երկար ժամանակ բավարարվում են տարբեր նիստերով ու կոչերով: Գերհզոր պետությունները սպասում են, թե ուր կտանի նրանց շահը: Երևի շատ շատերի շահերը չեն համընկնում եզդի ժողովրդին օգնելու հարցում: Շատերը լռում են, ասես մոռանալով Շանգալի ողբերգությունը, եզդիների ցեղասպանությունը, որն այսօր էլ շարունակվում է: Հարկավոր է բողոքել, դատապարտել եզդիների ցեղասպանությունը, բացել բոլոր փակ դռները: Եզդիների շրջապատված ջոկատները և սարերում գտնվող եզդիներն օգնության կարիք ունեն` զենքի, սննդամթերքի, դեղորայքի, բայց լիարժեք նրանց ոչ ոք չի օգնում: Աշխարհը մոռացել է ԻՊ-ի հրեշների կողմից շրջապատված եզդիներին:
Եզդիների ողբերգությունը ցնցել է Հայաստանն ու հայ ժողովրդին, մեր իշխանությունները արձագանքեցին և պաշտպան կանգնեցին իրենց բախտը, ճակատագիրը հավերժ հայ ժողովրդի հետ կապած եզդի ժողովրդին: Վերջերս նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնավորապես շեշտեց, որ անգամ այսօր է մարդկությունը նման հանցագործությունների ականատես, և Հայաստանն իրեն պարտավորված է զգում կանխելու ցեղասպանությունների կրկնությունը, այդ պատճառով էլ պետք է դատապարտվեն նախկինում կատարված հանցագործությունները:
«Ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի այս հանցագործությունների ճանաչման, դատապարտման հարցում: Սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը»:
Պատմության խորքում ձևավորված եզդի ժողովրդի հազարամյա մայրուղին լի է եղել տարաբնույթ վայրէջքներով ու վերելքներով: Այսօր, երբ եզդիների հերթական ցեղասպանությունից շուրջ 3 ամիս է անցել, համաշխարհային քաղաքական դաշտը դեռևս հստակ չի կողմորոշվում, թե ինչպես օգնել եզդիներին, ինչպես դադարեցնել եզդիների ցեղասպանությունը, ինչպես ազատագրել եզդիների բնօրրան Շանգալը: Իսկ մենք դեռևս օգոստոս ամսին էինք սպասում, որ ամեն ինչ կհստակեցվի, և եզդիների ցեղասպանությունը կդադարեցվի: Ֆինանսական տարբեր ընտանիք-կլանների (Ռոտշիլդներ, Ռոկֆելլերներ), պետությունների շահը չգրված օրենքներ են, որոնք, սխալված չեմ լինի, եթե ասեմ` այժմ ղեկավարում-կառավարում են աշխարհն ու ավելի զորեղ են գրված օրենքներից` խաղաղության, մարդասիրության, մարդու իրավունքների, կյանքի իրավունքի, անձի անձեռնմխելության իրավունքի վերաբերյալ, որոնք կարելի է անպատիժ խախտել ու շրջանցել: Աշխարհի տարբեր ամբիոններից հայտարարում են, թե ժամանակը կգա, կորոշեն և ռեալ կօգնեն եզդիներին: Բայց ցավոք, այդ ժամանակը չի գալիս, և մինչ օրս կոնկրետ եզդիների հարցով ոչ ոք քաղաքական կամք և խիզախություն չի ցուցաբերում: Իսկ մեր ժողովուրդը սպասում է ու չգիտե` ում և ինչի: Թե՞ մեր ժողովրդին օգնելը բազո՜ւմ-բազում խնդիրներով է պայմանավորված, ինչ-ինչ շահերով: Ի սեր Աստծո, պարզ ասեք դեպի ուր եք դուք մեզ տանում: Եզդի ժողովրդի ցեղասպանությունը, հավատացեք, մարդկության ողբերգությունն է, և այն ոչ ոքի չպետք է ներել: Աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար և պայքարում ենք նրանց հիշատակի համար: Մենք սպասում ենք ճշմարտության ձայնին ու արդարության հաղթանակին: Աստված իմ, վերջապես կարևոր չէ, թե ով ինչ է խոսում և որոշում մեր մասին, ուղղակի վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեիք ինքներդ Ձեզ: Սրանք շատ կարևոր հարցեր են, իսկապես կարևոր մեզ բոլորիս համար:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի
նախագահ